Telegram-ը չի հայտնաբերել օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից նամակագրությունների վերծանման (encryption breach) որևէ դեպք։ Այս մասին Reuters-ին հայտնել է մեսենջերի մամուլի ծառայությունը։
«Ռուսաստանի իշխանությունների պնդումն այն մասին, թե մեր ծածկագրումը կոտրվել է, կանխամտածված կեղծիք է, որի նպատակն է արդարացնել Telegram-ի արգելափակումը», — ասված է հաղորդագրության մեջ։
Նախօրեին օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից Telegram-ի նամակագրություններին հասանելիություն ստանալու մասին հայտարարել էր ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը։
«Այս պահին դանդաղեցվում է մեդիաֆայլերի փոխանցումը, սակայն նամակագրությունը չի սահմանափակվում։ Մեր զինվորականները կարող են շարունակել այնտեղ շփվել, բայց մենք հույս ունենք, որ ժամանակի ընթացքում նրանք կանցնեն այլ մեսենջերի», — հավելել էր նա։
Շադաևը նաև հայտնել էր, որ Telegram-ում կատարվել է 150 հազար խարդախության դեպք, որոնցից ավելի քան 30 հազարը, նախարարի խոսքով, կապված է դիվերսիաների և ահաբեկչությունների հետ։ Գերատեսչության ղեկավարի պնդմամբ՝ Telegram-ում և WhatsApp-ում (պատկանում է Meta-ին, որը Ռուսաստանում ճանաչված է ծայրահեղական և արգելված է) ձայնային զանգերի սահմանափակումից հետո թվային տեխնոլոգիաների կիրառմամբ հանցագործությունների թիվը նվազել է 23%-ով։ «Ռոսկոմնադզորը» օտարերկրյա մեսենջերներում զանգերը սահմանափակելու որոշում էր կայացրել 2025 թվականի օգոստոսին։
Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը, մեսենջերի դանդաղեցման մասին լուրերից հետո, հայտարարել է, որ հարթակը կշարունակի հավատարիմ մնալ խոսքի ազատության և օգտատերերի գաղտնիության սկզբունքներին՝ «չնայած ճնշումներին»։ Հատկանշական է, որ նախօրեին Telegram-ը մեկ օրվա ընթացքում արգելափակել էր օգտագործման պայմանները խախտող 187 հազար ալիք և խումբ։