«Կարող է հանգեցնել լուրջ հետևանքների». Շոյգուն՝ երկաթուղու կոնցեսիոն կառավարումը ՌԴ-ից գնելու վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարության մասին

Հայաստանի իշխանությունների՝ հանրապետության երկաթուղիների կառավարման գործում Ռուսաստանին փոխարինելու ցանկությունը «չմտածված որոշում է և կարող է հանգեցնել լուրջ հետևանքների»։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն:


«Ես չեմ գնահատի այլ պետությունների կոմպետենտությունը երկաթուղային կառավարման գործում, բայց կարող եմ վստահորեն ասել, որ հազիվ թե որևէ այլ ընկերություն կարողանա լիովին փոխարինել ռուսական փոխադրողին, որը վաղուց և արդյունավետորեն աշխատում է Հայաստանում դժվարին պայմաններում»,- նշել է նա։


Շոյգուն հիշեցրել է, որ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ դուստր կառույցը, գրեթե 20 տարի կատարում է կոնցեսիոն պայմանագրի պայմանները։ Նրա խոսքով՝ այս ընթացքում ռուսական ներդրումների ծավալը գերազանցել է 30 միլիարդ ռուբլին, իսկ Հայաստանի բյուջե են փոխանցվել ավելի քան 15 միլիարդ ռուբլու հարկեր:


«Եվ հիմա [վարչապետ] Նիկոլ Փաշինյանն ասում է, որ կոնցեսիոն կարգով Հայաստանի երկաթուղիների գտնվելը ռուսական ընկերության մեջ վախեցնում է պոտենցիալ գործընկերներին, խոչընդոտում է տարածաշրջանային նախագծերին, և մտածում է հայկական երկաթուղային ցանցի կառավարումը փոխանցել Ռուսաստանին և Հայաստանին բարեկամ երկրի»,- ընդգծել է Շոյգուն։


Նա նաև զուգահեռներ է անցկացրել Երևանի այլ նախաձեռնությունների հետ։


«Վերջերս ես մեկնաբանեցի ԱՄՆ-ի հետ Հայաստանի միջուկային համագործակցության ծրագրերի շուրջ ստեղծված իրավիճակը։ Եվ ահա, նման, դիվանագիտական լեզվով ասած՝ չմտածված որոշումները չե՞ն հանգեցնի նույնքան վտանգավոր փորձերի, որոնց համար ստիպված կլինեն վճարել Հայաստանի սովորական քաղաքացիները»,- հարց է բարձրացրել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը։


Նա հավելել է, որ գրեթե երկու տասնամյակի ընթացքում կառուցված համակարգը կարող է «պարզապես փլուզվել մեկ ժամում»։


«Բնականաբար, ոչ մի «բարեկամական երկիր» պատասխանատվություն չի կրի դրա համար։ Հուսով եմ, որ պատասխանատու որոշումներ կայացնելիս Հայաստանի ղեկավարությունը կելնի բացառապես իր քաղաքացիների շահերից»,- նշել է Շոյգուն։


Նա հավելել է, որ ընկերությունը կառավարում է անշարժ գույքի ավելի քան 1.2 հազար և շարժական գույքի ավելի քան 12.5 հազար միավոր օբյեկտ։ Պայմանագրի գործելու տարիներին վերանորոգվել է մոտ 700 կմ ընդհանուր երկարությամբ երկաթուղային ցանցի ավելի քան 520 կմ-ը, վերակառուցվել են տասնյակ կամուրջներ և թունելներ։


Նրա խոսքով՝ տարեկան փոխադրվում են ավելի քան 500 հազար ուղևոր և ավելի քան 1.6 միլիոն տոննա բեռ։


«Երկաթուղին ռազմավարական դեր է խաղում երկրի համար, որը ելք չունի դեպի ծով։ Այս ամենի հետևում կանգնած են ավելի քան 2.5 հազար աշխատակիցներ՝ հիմնականում Հայաստանի քաղաքացիներ»,- ընդգծել է նա։


ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարը հիշեցրել է, որ ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետության երկաթուղային ենթակառուցվածքը ծանր վիճակում էր, և 2008 թվականին ստորագրվել է կոնցեսիոն պայմանագիր, որի համաձայն՝ Հայաստանի երկաթուղային համակարգի կառավարումը մինչև 2038 թվականը փոխանցվել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին։