ԱՄՆ-ն Կատարի ռազմակայանում հրթիռները բերել է մարտական պատրաստության. Reuters

Կատարում գտնվող ռազմակայանի ամերիկյան զինվորականները, Իրանի հետ լարվածության ֆոնին, հրթիռները տեղադրել են շարժական արձակման կայանքների վրա, ինչը հնարավորություն է տալիս դրանք ավելի արագ տեղաշարժել։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով արբանյակային լուսանկարների վերլուծությանը։


«Մերձավոր Արևելքում ԱՄՆ ամենախոշոր՝ Կատարի «Էլ-Ուդեյդ» ռազմակայանի ամերիկյան ուժերը, հունվարից ի վեր Իրանի հետ լարվածության աճի ֆոնին, հրթիռները տեղադրել են բեռնատարների վրա գտնվող արձակման կայանքների վրա, ինչը նշանակում է, որ դրանք կարելի է ավելի արագ տեղափոխել», — հայտնում է գործակալությունը։


Contested Ground հետազոտական նախագծի վերլուծաբան Ուիլյամ Գուդհայնդը գործակալությանը հայտնել է, որ փետրվարի սկզբի և հունվարի արբանյակային լուսանկարների համեմատությունը ցույց է տվել ավիացիոն և այլ ռազմական տեխնիկայի կուտակում ողջ տարածաշրջանում։ Ըստ նրա՝ փետրվարի սկզբին «Էլ-Ուդեյդ» բազայում տեսանելի են եղել Patriot հրթիռներ՝ տեղադրված M983 տեսակի ծանր ամենագնաց բեռնատարների վրա։ Գործակալությունը նշում է, որ պարզ չէ՝ արդյոք հրթիռները դեռևս բեռնատարների վրա են եղել երեքշաբթի օրվա դրությամբ։


Ըստ արբանյակային լուսանկարների՝ ավիացիոն տեխնիկայի աճ է նկատվել փետրվարին, մասնավորապես՝ Կատարի «Էլ-Ուդեյդ» և Հորդանանի «Մուվաֆակ Սալթի» ամերիկյան բազաներում։


Անցյալ ուրբաթ Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել բանակցություններ ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունների միջև՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները լուծելու համար։ Հանդիպումը կայացել է առաջին անգամ՝ բանակցային գործընթացում բազմամսյա դադարից հետո, որն առաջացել էր 2025 թվականի հունիսին իրանա-իսրայելական հակամարտության բաց փուլի պատճառով։ Մինչ այդ Իսլամական Հանրապետությունը և Միացյալ Նահանգները անցկացրել էին խորհրդակցությունների հինգ փուլ։