Վերլուծաբանները կասկածում են, որ Հնդկաստանը հանուն ԱՄՆ-ի կհրաժարվի ռուսական նավթից. The Wall Street Journal

Հնդկաստանը դժվար թե հրաժարվի ռուսական նավթից հանուն ամերիկյանի, սակայն կարող է դիվերսիֆիկացնել իր մատակարարումները. գրում են Financial Times-ը և The Wall Street Journal-ը՝ հղում անելով վերլուծաբանների կարծիքներին:


Հնդկաստանի իշխանությունները չեն հաստատում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարություններն այն մասին, թե Նյու Դելին Վաշինգտոնի հետ առևտրային գործարքի շրջանակում համաձայնել է ռուսական նավթի գնումները փոխարինել ամերիկյանով: Ինչպես նշվում է FT-ի հոդվածում, վարչապետ Նարենդրա Մոդին և առևտրի նախարար Պիյուշ Գոյալը, մեկնաբանելով Վաշինգտոնի հետ բանակցությունները, նավթի թեմային չեն անդրադարձել՝ միայն նշելով, որ վերջնական համաձայնագիրը դեռ ստորագրված չէ:


Փորձագետները պարբերականի հետ զրույցում նշում են, որ ռուսական նավթից կտրուկ հրաժարվելը լուրջ հարված կլիներ Մոսկվայի հետ Հնդկաստանի ռազմավարական հարաբերություններին և խնդիրներ կստեղծեր հնդկական նավթավերամշակման գործարանների համար, որոնք սովոր են զեղչված գներով մատակարարումներին:


Ըստ հնդկական Observer Research Foundation-ի ներկայացուցիչ Հարշ Պանտոյի՝ Հնդկաստանն իրոք դիվերսիֆիկացնում է ներմուծումը, սակայն Ռուսաստանից գնումների անհապաղ դադարեցում սպասել պետք չէ: 


«Եթե խնդիրն այն է, որ Հնդկաստանն այս առևտրային գործարքի պատճառով անմիջապես կդադարեցնի նավթի մատակարարումները Ռուսաստանից, ապա դա քիչ հավանական է», — կարծում է նա:


Ռուսական նավթն ամերիկյանով փոխարինելը դժվար է ավելի բարձր գնի և տևական լոգիստիկայի պատճառով, գրում է The Wall Street Journal-ը: Վենեսուելայից նավթի ներկրմանն անցնելը նույնպես սահմանափակ է. այդ երկրին տասնյակ միլիարդավոր դոլարների ներդրումներ կպահանջվեն արդյունահանումն ավելացնելու համար: Ավելի իրատեսական այլընտրանք կարող են դառնալ Մերձավոր Արևելքից մատակարարումները, թեև դրանք սովորաբար ավելի թանկ են արժենում:


Տնտեսագետների գնահատմամբ՝ նույնիսկ հնդկական գնումների մասնակի կրճատումը կարող է ուժեղացնել ճնշումը ռուսական բյուջեի վրա: 2025 թվականին Ռուսաստանի եկամուտներն էներգակիրներից նվազել են 24%-ով՝ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ֆոնին: Այդուհանդերձ, փորձագետները համամիտ են, որ մոտ ապագայում ռուսական նավթից Հնդկաստանի լիակատար հրաժարվելը քիչ հավանական է, իսկ ԱՄՆ-ի հետ գործարքը միայն մատնանշում է ներմուծման աստիճանական դիվերսիֆիկացումը, այլ ոչ թե արմատական շրջադարձը: