ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ պատմական խաղաղության գագաթնաժողովից հետո, որը հիմք դրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև մերձեցմանը, Միացյալ Նահանգները շարունակում է ակտիվորեն առաջ մղել «Թրամփի երթուղու» (TRIPP) նախաձեռնությունը: Այս մասին հայտարարել է Հարավային և Կենտրոնական Ասիայի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սերխիո Գորը՝ ելույթ ունենալով Բիշքեկում կայացած B5+1 բիզնես ֆորումում։
Նրա խոսքով՝ նոր տրանսպորտային միջանցքը կոչված է
Հարավային Կովկասի միջոցով չընդհատվող կապ ապահովել Կենտրոնական Ասիայի երկրներից դեպի
արևմտյան շուկաներ մուտք գործելու հնարավորությամբ: Գորը ընդգծել է, որ TRIPP-ի իրագործումը
կարևոր քայլ կլինի փոխկապակցված տնտեսությունների ձևավորման և տարածաշրջանում երկարաժամկետ
խաղաղության ամրապնդման ուղղությամբ:
Հատուկ բանագնացը նաև նշել է, որ Թրամփի վարչակազմը
Կենտրոնական Ասիան դիտարկում է որպես ռազմավարական նշանակության տարածաշրջան՝ դրան
մոտենալով այլ կերպ, քան ԱՄՆ նախորդ կառավարությունը։ Որպես դրա հաստատում նա նշել
է ամերիկյան գործարար ներկայության աննախադեպ մասշտաբները. նրա խոսքով՝ ֆորումին մասնակցող
ԱՄՆ պատվիրակությունը երբևէ Կենտրոնական Ասիա այցելած ամենամեծ կոմերցիոն առաքելությունն
է։