Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու քահանա Եզնիկ Մարդիրյանը մոտ մեկ ամիս է, ինչ ազատվել է զբաղեցրած պաշտոնից, նրան ազատել է Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը՝ աշխատանքի չներկայանալու պատճառով։ Սակայն քահանան աչքի է ընկել ոչ միայն իր անպարտաճանաչությամբ, այլև հավատացյալների հանդեպ անքաղաքավարի վերաբերմունքով, եկեղեցում հակաիշխանական քարոզ անելով, դպիրների վրա ազդելով։
Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցու երգչախմբի երգիչ Սուրեն
Մկրտչյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Եզնիկ Մարդիրյանն իրեն դրդել էր դուրս
գալ Սուրբ Թադեոս եկեղեցուց, բացի դրանից, ինքը չի կարողացել հանդուրժել այն, որ եկեղեցում
հնչում էր ոչ թե եկեղեցական քարոզ, այլ քաղաքական։
Եվ նրա այս որոշումից հետո տելեգրամյան
անհայտ էջերից Սուրենին սկսել են սպառնալիքներ ու վիրավորանքներ պարունակող նամակներ
գրել։ Նա թեև անուններ չհնչեցրեց, սակայն ասաց,
որ հստակ գիտի՝ ովքեր են դրա հետևում կանգնած։
«Ձեր վախճանը մոտ է, քիչ ժամանակ
է մնացել։ Նման սպառնալիքներով հանդես է գալիս այդ իքս բաժանորդը իմ դուրս գալուց հետո,
երբ որ Գևորգ Սրբազանը կողմ եղավ իշխանությանը՝ դեմ լինելով կաթողիկոսին։ Սրանից հետո
ինձ գալիս են հաղորդագրություններ։ Հաղորդագրություններով փնովում են իմ անձը՝ անվանելով
ինձ դավաճան, Հուդա Իսկարիովտացի, և փնովում են սրբազանին»,- ասաց Սուրենը։
Հարցին, թե այդ նամակների մասով
արդյոք դիմե՞լ է իրավապահներին, թե՞ ոչ, Սուրենն ասաց՝ թող Աստված նրանց դատն ու դատաստանն
անի, Աստված ամեն ինչ տեսնում է։
Այս առնչությամբ զրուցել ենք
նաև Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի հետ։ Նա նշեց, որ Եզնիկ քահանային
ազատել է մինչև իր հետ տեղի ունեցած վերջին իրադարձությունները, իսկ պատճառն այն է,
որ նա գնացել է արձակուրդ և դրանից հետո չի ներկայացել ծառայության։ Ի դեպ, Գևորգ եպիսկոպոսը տեղեկացրեց, որ այդ ընթացքում
ինքը թե Եզնիկ քահանային, թե մյուսներին զգուշացրել է, որ ֆեյսբուքում քաղաքական բնույթի
հայտարարություններ չանեն, քանի որ դրանք կարող են համայնքում պառակտում ստեղծել։ Սակայն Եզնիկ քահանան ոչ միայն հավատացյանելի հետ
է կոպիտ շփվել, այլև խնդիր է ունեցել դպիրներից մեկի հետ, ինչի համար ևս նկատողություն է ստացել։
Սրբազանի խոսքով՝ այս հարցը հաճախ
է թեմում քննարկվել, որովհետև թեմում ուղղորդված քահանաներ կային, որ միշտ քաղաքական
հայտարարություններ էին անում։
«Ես նույնիսկ պարտադրել էի, որ
իրենց քարոզներն օնլայն լինեին, որ այդպիսով ոչ միայն քարոզի պատրաստվեին, այլև խուսափեին
քաղաքական թեմաների անդրադառնալուց։ Դրանից առաջ էլ բողոքներ եղել են, ես իրեն բազմիցս
զգուշացրել եմ, որ իրեն ադեկվատ դրսևորի, նա հովիվ է։ Քանի անգամ եղել է՝ ես իրավիճակը
հարթել եմ։ Բնակիչների հետ կոպիտ էր խոսել։ Այս զարգացումների կոնտեքստում ինքը լծվել է շատ ապաշնորհ, պարսավելի գործի, ի՞նչ է
անում՝ այդ դպիրներին փորձում է գաղափարական իմաստով վերահսկողության տակ պահել ու
սպառնալիքներ է հնչեցնում։ Բողոքներ շատ եմ լսում, հավատացյալները գալիս են եկեղեցի՝
պատմում են»,- ասաց Գևորգ սրբազանը։
Սրբազանը նաև ասաց, որ եթե
30-ն անց քահանան կարող է իրեն թույլ տալ երեխաների հետ սպառնալիքով խոսել կամ սպառնալիք
պարունակող հաղորդագրություններ ուղարկել, որոնք ինքը տեսել է, ապա սա հերթական խայտառակությունն
է, ու ցավոք սրտի, այս ամեն ինչը հովանավորվում է Մայր աթոռից։
«Ինքը առավոտից իրիկուն, այսպես
կոչված, տեղապահի հետ ինքնագործունեությամբ
է զբաղված թեմում։ Բայց նրա ծառայությունը թեմում դադարեցված է»,- նշեց սրբազանը։
Խոսելով նաև այն մասին, որ իրեն մեղադրում են իբրև թե ճնշումներ գործադրելու մեջ, եպիսկոպոսն
ասաց, որ եթե նրանք խոսում են ճնշումներից, ահա թե ովքեր են ճնշումներ գործադրում. դրա վառ արտահայտությունն այն է, որ կտրել են բարենորոգման
օրակարգին միացած քահանաների՝ Մայր Աթոռ Սուրբ
Էջմիածնից ստացած 80-100 000 աշխատավարձը։
Սրբազանը նշեց, որ սրանով նրանք իրենց խեղճությունն են ցույց տալիս և փորձում են այդ
կերպ պատժել ազատ խոսքը։
Ինչ վերաբերում է սպառնալիք պարունակող
նամակների մասով իրավապահներին դիմելուն, եպիսկոպոսն ասաց. «Թող իրավապահները համարեն,
որ դիմել ենք։ Երևույթը հանձնում ենք իրավապահների ուշադրությանը, անչափահաս երեխաներին,
կոնկրետ մեկին փողոցային բառապաշարով սմս են ուղարկում, սա համարում եմ ճնշում, և սա
ուղղորդվում է Մայր աթոռի կողմից»։
Ի դեպ, Գևորգ
եպիսկոպոսը նաև տեղեկացրեց, որ Մոսկվայում դպրոցից հեռացրել են իր եղբոր տասը տարեկան
աղջկան․ «Փոքրոգությունը չունի սահման, վրեժխնդրությունը չունի սահման»։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան