ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը փետրվարի 2-ին հանդիպել է Հայաստանում եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում էին եզդիական հոգեւոր խորհրդի եւ «Եզդիների ազգային միություն» ՀԿ-ի ղեկավարները, ապրիլյան պատերազմում զոհված Քյարամ Սլոյանի մայրը, Քյարամ Սլոյանի անվան կամավորական ջոկատի մարտիկները, ինչպես նաեւ վարչական շրջանների ղեկավարներ:
Ռուստամ Բաքոյանը կարեւորել է համայնքի հետ պարբերաբար հանդիպումները, որոնց ընթացքում հնարավոր է լինում տեղեկանալ համայնքի ներկայացուցիչներին հուզող խնդիրների մասին եւ փորձել դրանք քննարկել համապատասխան ատյանների պատասխանատուների հետ:
Ներկաները բարձրաձայնել են համայնքի առանձնահատկություններից բխող որոշ հարցերի վերաբերյալ իրենց մտահոգությունները, որոնց շուրջ էլ քննարկում է ծավալվել: Հյուրերը նշել են, որ հնչած հարցերի մասով համայնքն ունի միասնական դիրքորոշում:
Հանդիպմանը քննարկվել են նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր: Համայնքի ներկայացուցիչները խոսել են Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում եզդիերեն ամբիոն ունենալու անհրաժեշտության մասին:
Ռուստամ Բաքոյանն էլ անդրադարձել է համայնքին առնչվող իր հեղինակած օրենսդրական նախաձեռնություններին:
Զրուցակիցներն առաջիկայում կրկին հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել: