«Լուկաշենկոյի շպիցն ավելի շատ իրավունքներ ունի, քան բելառուս ժողովուրդը». Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կիրակի այցելել էր Լիտվա և հարգանքի տուրք մատուցել Ռուսական կայսրության դեմ 1863 թվականի Հունվարյան ապստամբությանը մասնակցածների հիշատակին։ Ապստամբությունը ընդգրկել է այն ժամանակվա Լեհական թագավորությունը և ներկայիս Բելառուսի ու Լիտվայի տարածքները։


Ելույթ ունենալով Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսում տեղի ունեցած հիշատակի արարողությանը՝ Զելենսկին Ալեքսանդր Լուկաշենկոյի գլխավորությամբ Բելառուսի Հանրապետությունը անվանել է «Ռուսաստանի գեներալ-նահանգապետություն»՝ նշելով, որ «Լուկաշենկոյի սպիտակ շպիցին այժմ ավելի շատ բան է թույլատրվում, քան բելառուս ժողովրդին»։


Նրա խոսքով՝ Ուկրաինան, որը հետ է մղում ռուսական ագրեսիան, այժմ կարող է ծառայել որպես օրինակ այն բանի, որ ազատության իրական կամքը չի կարող ճնշվել, և հույս է հայտնել, որ բելառուս ժողովուրդը նույնպես ազատ կլինի։


Ուկրաինայի նախագահը նշել է, որ Բելառուսի իշխանությունները ներկայումս աջակցում են Ռուսաստանի պատերազմին ընդդեմ Ուկրաինայի, այդ թվում՝ գործնական գործողություններով։