Ջեյ Դի Վենսը և Սպիտակ տան պաշտոնյաները Թրամփին հորդորում են չհարվածել Իրանին․ WSJ

Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, կոչ են անում Դոնալդ Թրամփին գնալ դիվանագիտական կարգավորման Իրանի հետ։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Մինչդեռ հենց նախագահն այս պահին հակված է պատժիչ ռազմական հարվածներ հասցնել այդ երկրին՝ բողոքի ցույցերի կոշտ ճնշման պատճառով, ինչի մասին գրում են նաև Axios-ի աղբյուրները։ Ի տարբերություն Թրամփի, վարչակազմի որոշ աշխատակիցներ կարծում են, որ հարվածները կլինեն անարդյունավետ։ 


Պաշտոնյաները մտահոգված են, որ դա կուժեղացնի «իրանական վարչակարգի քարոզչությունը», թե իբր ցույցերը կազմակերպվում են ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից։


Սպիտակ տանը քննարկում են Թեհրանի վերջին առաջարկը՝ անցկացնել բանակցություններ միջուկային ծրագրի շուրջ։ Թրամփը նախորդ շաբաթ հաստատել էր, որ հանդիպումը նախապատրաստվում է, սակայն միաժամանակ թույլ էր տվել գործողությունների «շատ ուժեղ» տարբերակներ մինչև բանակցությունների մեկնարկը։


Անցած հանգստյան օրերին Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին կապ է հաստատել Մերձավոր Արևելքի հարցերով Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ։


Թրամփի սեղանին են ոչ միայն ռազմական հարվածների, այլև կիբերհարձակումների և պատժամիջոցների խստացման տարբերակները։


Հունվարի 12-ին Թրամփը հայտարարեց 25 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանելու մասին այն երկրների նկատմամբ, որոնք համագործակցում են Իրանի հետ։ Թեև նա չի հստակեցրել երկրների ցանկը, Bloomberg-ը նշում է, որ Իրանի հիմնական առևտրային գործընկերներն են Հնդկաստանը, Թուրքիան և Չինաստանը։