Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը կկարողանա պահպանել լավ «անձնական հարաբերությունները» Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ՝ չնայած Վենեսուելայի հարցում Վաշինգտոնի գործողություններին։
«Կարծում եմ, որ նախագահ Թրամփը շատ բաց, ազնիվ և լավ հարաբերություններ ունի ինչպես Ռուսաստանի նախագահ Պուտինի, այնպես էլ Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի հետ։ Նա բազմիցս զրուցել է նրանց հետ շուրջ մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնելուց ի վեր։ Եվ ես հավատում եմ, որ այդ անձնական հարաբերությունները կպահպանվեն»,- ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Լևիթը՝ մեկնաբանելով ամերիկյան ուժերի կողմից ռուսական դրոշի ներքո նավարկող «Մարիներա» տանկերի առգրավումը։
Միևնույն ժամանակ, մամուլի քարտուղարն ընդգծել է, որ Թրամփը մտադիր է շարունակել վարել հարձակողական արտաքին քաղաքականություն՝ հիմնվելով «Խաղաղություն՝ ուժի միջոցով» (Peace through strength) կարգախոսի վրա։
«Նա կվարի ԱՄՆ շահերին համապատասխանող քաղաքականություն։ Ինչ վերաբերում է այս նավի առգրավմանը, խոսքը վենեսուելական նավթն ապօրինի կերպով փոխադրող «ստվերային նավատորմի» բոլոր նավերի նկատմամբ էմբարգոյի ապահովման մասին է։ Թույլատրվելու է միայն օրինական առևտուրը, և այդ հարցում որոշումները կայացնում է ԱՄՆ-ը»,- հավելել է Լևիթը։