ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրաման, որով Միացյալ Նահանգները դուրս է գալիս 66 միջազգային կազմակերպություններից, «որոնք այլևս չեն ծառայում ամերիկյան շահերին»: Այս մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում։
Այդ
կազմակերպություններից 31-ը ՄԱԿ-ի կառույցներ են, «որոնք գործում են Միացյալ
Նահանգների ազգային շահերին, անվտանգությանը, տնտեսական բարգավաճմանը կամ
ինքնիշխանությանը ի հակառակ»։ Թրամփի հրամանի համաձայն՝ բոլոր դեպարտամենտներն ու
գործակալությունները պետք է դադարեցնեն այդ կազմակերպությունների ֆինանսավորումը։
«Սա վերջ
կդնի ֆինանսավորմանը և ամերիկացի հարկատուների մասնակցությանը այն
կազմակերպություններում, որոնք առաջ են մղում գլոբալիստական շահեր՝ ի
վնաս ԱՄՆ առաջնահերթությունների, կամ որոնք կարևոր հարցերը լուծում են անարդյունավետ կամ ոչ ռացիոնալ»,- ասվում է Սպիտակ տան հաղորդագրության մեջ։
Կազմակերպությունների
ամբողջական ցանկը, որոնցից դուրս է գալիս ԱՄՆ-ը, զետեղված է Սպիտակ տան կայքում։
Դրանց թվում են՝ Վենետիկի հանձնաժողովը, ՄԱԿ-ի միջազգային իրավունքի հանձնաժողովը,
ՄԱԿ-ի միջազգային առևտրի կենտրոնը, Ուկրաինայի գիտության և տեխնոլոգիաների կենտրոնը,
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ երեխաների նկատմամբ բռնության հարցերով հատուկ
ներկայացուցչի գրասենյակը և այլն։