Թրամփը դիտարկում է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ստանալու մի քանի տարբերակ, այդ թվում՝ ռազմական. Սպիտակ տուն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է տարբեր տարբերակներ, որոնք Վաշինգտոնին թույլ կտան  Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն ստանալու, այդ թվում՝ ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը: Այս մասին հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, փոխանցում է CNN-ը։


Նրա խոսքով՝ Թրամփը «հստակ հասկացրել է», որ Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողության ստացումը «ԱՄՆ ազգային անվտանգության առաջնահերթություն է և կենսականորեն կարևոր Արկտիկական տարածաշրջանում մեր հակառակորդներին զսպելու համար»։


«Նախագահը և նրա թիմը քննարկում են այս կարևոր արտաքին քաղաքական նպատակին հասնելու մի շարք տարբերակներ, և, իհարկե, ամերիկյան ռազմական ուժերի օգտագործումը միշտ էլ տարբերակ է, որը գտնվում է գերագույն գլխավոր հրամանատարի կարգադրության ներքո»,- հեռուստաալիքը մեջբերել է Լևիթի խոսքերը։


«Wall Street Journal»-ը հաղորդել էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոնգրեսի անդամների հետ փակ ճեպազրույցում հայտարարել է, որ Թրամփի վարչակազմի կողմից Գրենլանդիայի հասցեին սպառնալիքները չեն նշանակում շուտափույթ ներխուժում. նպատակը կղզին Դանիայից գնելն է։