Ռուբիոն տեղեկացրել է Կոնգրեսին, որ ԱՄՆ-ի նպատակը Գրենլանդիայի գնումն է․ WSJ

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ամերիկացի օրենսդիրներին հայտնել է, որ Վաշինգտոնը որպես առաջնահերթ տարբերակ դիտարկում է Գրենլանդիայի գնումը, այլ ոչ թե ռազմական միջամտությունը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։


Ըստ հրապարակման տվյալների՝ Ռուբիոն այդ մասին հայտնել է հունվարի 5-ին ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ կայացած փակ հանդիպման ժամանակ։ Նիստին ներկա են եղել նաև Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը և ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը։


Հանդիպումը նվիրված էր Վենեսուելայում իրականացվող ռազմական գործողությանը, սակայն Սենատի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Չակ Շումերը հարցրել է վարչակազմի՝ այլ վայրերում, օրինակ՝ Մեքսիկայում կամ Գրենլանդիայում, ռազմական ուժ կիրառելու մտադրությունների մասին։ Ինչպես նշում է պարբերականը, պետքարտուղարը պատասխանել է, որ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից վերջերս հնչող սպառնալիքները չպետք է ընկալվեն որպես անխուսափելի ներխուժման ազդակ, քանի որ նպատակը կղզին Դանիայից ձեռք բերելն է։


Թեև Ռուբիոն շեշտել է գնման տարբերակը, WSJ-ն հիշեցնում է, որ Թրամփը և նրա վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչները հրապարակային հայտարարություններում չեն բացառում ռազմական ուժի կիրառումը Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար։