«Դոնա՛լդ Թրամփ, մեր ժողովուրդները արժանի են խաղաղության, ոչ թե պատերազմի». Ռոդրիգեսը ԱՄՆ-ին համագործակցության է հրավիրել

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությանը հրավիրել է համագործակցության, փոխանցում է CNN-ը։


Նրա խոսքով՝ «համագործակցության ծրագիրը» կուղղվի «միջազգային իրավունքի շրջանակներում համատեղ զարգացմանը՝ համայնքի երկարաժամկետ համագոյակցության ամրապնդման նպատակով»։


Ռոդրիգեսը հայտարարել է, որ Վենեսուելան «առաջնահերթություն կտա» ԱՄՆ-ի և տարածաշրջանի հետ «հավասարակշռված և հարգալից միջազգային հարաբերություններին» անցմանը։


«Նախագահ Դոնալդ Թրամփ, մեր ժողովուրդները և մեր տարածաշրջանը արժանի են խաղաղության և երկխոսության, ոչ թե պատերազմի։ Սա միշտ եղել է նախագահ Նիկոլաս Մադուրոյի ուղերձը, իսկ հիմա դա ամբողջ Վենեսուելայի ուղերձն է։ Վենեսուելան իրավունք ունի խաղաղության, զարգացման, ինքնիշխանության և ապագայի»,- Ռոդրիգեսը դիմել է Թրամփին։


CNN-ը նշում է, որ Ռոդրիգեսի վերջին հայտարարությունների տոնը փոխվել է նախորդ հայտարարությունների համեմատ, որոնցում նա դատապարտել է Միացյալ Նահանգների կողմից «ուժի կոշտ կիրառումը» Մադուրոյին հեռացնելու համար ։