«Սրբազան
պայքարի» առաջնորդի ու խումբ անձանց կողմից
պլանավորված ահաբեկչության կանխում, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի
նախաստորագրում, առողջության ապահովագրման
համակարգի ներդրում։ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե
Բադալյանն այս երեք իրադարձություններն առանձնացրեց՝
որպես իր դիտարկմամբ կարևոր իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել նախորդ տարի։
«2025 թվականի օգոստոսի 8-ը դեռ երկար ժամանակ հիշվելու է պատմության մեջ»,-նկատեց պատգամավորը՝ հավելելով, որ այդ օրը ԱՄՆ-ում ձեռք
բերված պայմանավորվածությունները դրականորեն
ազդելու են ՀՀ-ի քաղաքական և տնտեսական ապագայի վրա։ Իսկ ինչպիսի՞ն կլինի
2026 թվականը, որը նաև ընտրական տարի է լինելու Հայաստանում։ Բադալյանի դիտարմամբ՝
այս տարի տեղի են ունենալու ոչ միայն խորհրդարանական ընտրություններ, այլ նաև միջազգային
մասշտաբի միջոցառումներ, որոնք ունենալու են քաղաքական մեծ նշանակություն։ «Վստահ եմ՝
Հայաստանը պատվով ընդունելու է ու ճանապարհելու է իր միջազգային գործընկերներին։ Ինչ
վերաբերում է խորհրդարանական ընտրություններին, ապա յուրաքանչյուր քաղաքացի պետք է
գիտակցի, որ ինչպես նախորդ, այնպես էլ 2026-ին սպասվող խորհրդարանական ընտրությունները
շատ կարևոր են լինելու Հայաստանի համար, դրանցով որոշվելու է Հայաստանի ապագան։ ՀՀ
քաղաքացին որոշելու է՝ ինչպիսի՞ կյանք է ուզում իր և իր սերունդների համար՝ մշտական
տուրբուլենտության, ցնցումների, պատերազմի վտանգների, լարվածությունների ու տարբեր
կախվածությունների փուլը շարունակելո՞ւ ենք, թե վերջ ենք դնելու այս ամենին ու ՀՀ-ն
ընտրելու է այն լայն ու ընդարձակ ճանապարհը,
որով ընթանալու է դեպի խաղաղ ապագա»։ Պատգամավորի դիտարկմամբ՝ ՔՊ-ն ու ՀՀ քաղաքացիները
եկել են կոնսենսուսի խաղաղության օրակարգի
շուրջ։
Իսկ
ի՞նչ օրակարգով է խորհրդարանական ընդդիմությունը մասնակցելու 2026-ի ընտրություններին,
ինչ ռեալ այլընտրանքներ է առաջարկելու, արդյոք շահարկելո՞ւ է Ղարաբաղի կորստի թեման՝ առաջարկելով «Ղարաբաղի վերադարձի» կամ «Ղարաբաղ վերադարձի» օրակարգը։ Ըստ
կառավարող ուժի ներկայացուցչի՝ հենց այս թեմատիկան էլ լինելու ընդդիմության գլխավոր
ասելիքը։ ՀՀ քաղաքացիները, սակայն, պետք է
ողջախոհ լինեն ու կողմնորոշվեն՝ որն է իրատեսական ընդդիմության առաջարկած օրակարգում։
«Մենք պակաս մտահոգ չենք Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քաղաքացիների խնդիրներով ու
դրանց լուծմամբ։ Սակայն մենք դատում ենք ռեալ ու այդ դիքերից էլ փորձում ենք համադրել
խաղաղության օրակարգը այլ հարցերի հետ»,-նշեց պատգամավորը։
Լուսինե
Բադալյանի հետ խոսել ենք նաև ՀՀ-ի նկատմամբ իրականացվող հիբրիդային պատերազմի, դրան
հակազդելու կառավարության դիմադրողունակության, եկեղեցու շուրջ առկա ճգնաժամի հանգուցալուծման
և այլ հարակից թեմաներից։ Նաև՝ թե ինչպիսի
տանտիկին է պատգամավորը, արդյոք հմո՞ւտ է խոհանոցում։
Զրույցի
ուշագրավ մանրամասները՝ տեսանյութում։
Հեղինե Մանուկյան