Դոնալդ Թրամփը «չափազանց հիասթափված է այս պատերազմի երկու կողմերից էլ» և «հոգնել է հանդիպումներ հանուն հանդիպումներից», հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։
«Նա չի ուզում ավելի շատ խոսակցություններ։ Նա ուզում
է գործողություններ։ Նա ուզում է, որ այս պատերազմն ավարտվի»,- ասել է Լիվիտը։
Ավելի ուշ Օվալաձև կաբինետում լրագրողների հարցերին
պատասխանելով՝ Թրամփը կրկին նշել է, որ «Զելենսկու մարդկանց» դուր է եկել գործարքը՝
ի տարբերություն Ուկրաինայի նախագահի։
«Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ռուսաստանի
հետ գործարքի կնքմանը։ Ես կարծում էի, որ մենք շատ մոտ էինք Ուկրաինայի հետ գործարքի
կնքմանը. ըստ էության, նախագահ Զելենսկիից բացի, նրա մարդկանց դուր է եկել գործարքի
հայեցակարգը։ Գիտեք, մենք ինչ-որ բան առաջարկեցինք։ Դա չորս կամ հինգ տարբեր կետեր
են, փոքր-ինչ բարդ, քանի որ դու հողը բաժանում ես որոշակի ձևով, դա հեշտ չէ։ Դա նման
է անշարժ գույքի բարդ գործարքի հազարապատկմանը, այո՞։ Բայց դա գործարք է, որը կկանխեր
ամեն ամիս հազարավոր մարդկանց սպանությունը»,- ասել է Թրամփը։
Ինչ վերաբերում է դեկտեմբերի 13-ին եվրոպական երկրների
հետ Ուկրաինայի հանդիպմանը ԱՄՆ մասնակցությանը, որի ժամանակ պետք է քննարկվի խաղաղության
ծրագրի վերջին տարբերակը, Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը Եվրոպայում այդ հանդիպմանը
ներկա կլինի, եթե համարի, որ «լավ շանսեր կան»: «Մենք չենք ուզում շատ ժամանակ ծախսել»,-
հավելել է նա: