Արշակ Խաչատրյանի փաստաբանը կեղծ պնդումներ է անում. ՔԿ-ն վերահաստատում է, որ տեսանյութերում դիվանապետն է

ՀՀ քննչական կոմիտեն վերահաստատում է, որ դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է, որ հրապարակված տեսանյութերում Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանն է:


Այս մասին ՀՀ քննչական կոմիտեից հայտնեցին՝ ի պատասխան Civic.am-ի հարցադրման:


Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը մեզ հետ զրույցում ընդգծեց, որ որոշ լրատվամիջոցներ վերցրել են Արշակ Խաչատրյանի փաստաբանի գրառման վերջին նախադասությունը, դարձրել վերնագիր՝ իբր Քննչական կոմիտեն հաստատել է, թե  Արշակ սրբազանի մասնակցությամբ տեսագրությունն իր հետ առնչություն չունի:


«Հարգելի՛ գործընկերներ, Քննչական կոմիտեն, դեռ օրեր առաջ ի պատասխան ձեր գրավոր հարցումների, հայտնել է, որ ստացված դատատեսաձայնագրային և դիմանկարային փորձաքննության եզրակացությամբ հաստատվել է տեսանյութերում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի պատկերված լինելու հանգամանքը», - ասաց Կիմա Ավդալյանը։


Նշենք, որ Մայր Աթոռի դեռևս արքեպիսկոպոս Արշակ Խաչատրյանի փաստաբան Արսեն Բաբայանը գրառում էր կատարել՝ փորձելով կասկածի տակ դնել Քննչական կոմիտեի հրապարակած փորձագիտական եզրակացությունը, իսկ ընդդիմադիր լրատվականները նրա գրառումից մանիպուլյատիվ վերնագրեր էին դրել՝ տպավորություն ստեղծելով, թե Քննչական կոմիտեն հաստատել է, որ տեսանյութերում Արշակ Խաչատրյանը չի։


Ավելի վաղ Եպիսկոպոսաց դասի մեկ տասնյակից ավելի անդամներ հայտարարել էին, որ փորձագիտությամբ հաստատվել է Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանին վերագրվող տեսանյութերի իսկությունը, որը ներկայացվել է Կտրիճ Ներսիսյանին: Վերջինս առ ոչինչ է համարել այդ արդյունքները:


Սրանից ելնելով՝ եպիսկոպոսները դիմել էին մնացյալ եպիսկոպոսներին և հանրությանը՝ հայ եկեղեցին Կտրիճ Ներսիսյանից և Արշակ Խաչատրյանից մաքրելու գործընթացին միանալու համար: Ապա նրանք հանդիպել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

 

Վոլոդյա Հակոբյան