Նախարարը դատի է տվել, պահանջում է հերքում և ընդհանուր 10 միլիոն դրամ փոխհատուցում

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ   Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանի։ Այս մասին Civic.am-ը տեղեկացավ «Դատալեքս» հարթակից։


Հայցվորի պահանջն է, Հայկ Դեմոյանը իր ֆեյսբուքյան էջով հերքի իր կողմից կատարված մի շարք հայտարարություններ, որոնք չեն համապատասխանում իրականությանը։  Մասնավորապես․  «ԿԳՄՍ նախարարությանը և անձամբ Ժաննա Անդրեասյանին հանցավոր անփութության համար դատական պատասխանատվության ենթարկելու համար: Ժաննա Անդրեասյանի պարագայում, ինչպես խոստացել էինք, նախապատրաստական աշխատանքներ են տարվում քրեական գործ հարուցելու համար հայտարարություն պատրաստելու ուղղությամբ..., ԿԳՄՍ նախարարը արդեն հանգիստ կարող է հաշիվ չտալ չկայացած համերգի ու պետբյուջեից մսխված հսկայական գումարների համար: Ահռելի միջոցներ է փոշիացվում նաև խոտան ու խայտառակ որակով տասնյակ հազարավոր տպաքանակով տպագրվող դասագրքերի դեպքում: Եվ քանի որ չկա վերահսկողություն ու արդարադատության համակարգ կոչվածը, Ժաննա Անդրեասյանն ու մյուսները դեռ շարունակելու են վայելել անպատժելիության «քաղցր» միջավայրը: Ես Ձեզ վստահեցնում եմ, որ Ժաննայի, Նիկոլի ու մյուսների համար Ծիծեռնակաբերդում տեղի ունեցածն արտառոց ու ցնցող իրադարձություն չի համարվել, քանի որ իրենց մտայնություններում ու արժեհամակարգում Ծիծեռնակաբերդը վանելու ու դուրս մղելու հասկացություն է, որը խոչնդոտում ու խանգարում է «նոր մարդ» կերտելու իրենց բոլշևիկյան նախագծերին: Դիմադրությունն այս ավանակային ծրագրերին ու սրանց սպասարկող փալանչիներին պետք է լինի կոշտ ու անզիջում: Ժաննա Անդրեասյանը պետք է հեռանա ու կոռուպցիոն բազմաթիվ դեպքերի դրվագներով առերեսվի պատժվելու անխուսափելիությանը: Ցինիզմին էլ վերջ ու սահման կա: Շուտով կհայտարարենք՝ ... զուգահեռ տանելով նաև ԿԳՄՍ նախարարին քրեական պատասխանատվության ենթարկելու գործընթացը՝ խոտան դասագրքեր կրթական համակարգ ներմուծելու, Ծիծեռնակաբերդը պղծելու, կոռուպցիա հովանավորելու և պետական միջոցները վատնելու դրվագներով..., Անցել է ուղիղ երկու տարի այն օրվանից, երբ Հովհաննես Թումանյանի թանգարանում սկսվեցին հիմնավերանորոգման աշխատանքները: Հիմնահատակ ավերելով թանգարանի մասնաշենքերից մեկը, ԿԳՄՍ նախարարությունը այս տեսքով է թողել մեծանուն հայի թանգարանը ու այս ողբալի վիճակը բոլորովին էլ չի անհանգստացնում Ժաննա Անդրեսյանին, ով ամեն մի ասուլիսի ժամանակ խրոխտ հայտարարում է, թե ինչքան գումարներ է հատկացրել նախարարությունը, հիմնականում անիմաստ ու խոշոր կոռուպցիոն ռիսկեր պարունակող նախագծերին: Կոռուպցիայի մանրամասնությունները տեսանք փաստաթղթավորված տեսքով՝ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախահաշիվներում..., Որքան էլ որ նախարար Ժաննա Անդրեասյանը բարձր գաղափարներից ու մատերաներից խոսի, միևնույն է իր աշխատաոճն ու մտածելակերպը սովետական փառատոններ ու ոսկե աշուններ կազմակերպող հրահանգիչի կամ կոմսոմոլական ակտիվիստի մակարդակից այն կողմ չի անցնում: Նախարարությունը զբաղված է տառակերությամբ ու օրենքների սերտմամբ, այնինչ իրական հաջողություններն ու առաջընթացը շատ հաճախ գրանցվում են, այն ժամանակ, երբ ունես ոչ ստանդարտ որոշումներ ընդունելու ու լուծումներ գտնելու ազատություն..., Դուք, Ձեր թիմակիցներով հանդերձ, բռնաբարել ու սպանել եք մարդկային լինելու ու մնալու ամենակարևոր հասկացողությունն ու հատկությունը` ճիշտն ու ճշմարտախոսությունը:... Նույն ցինիկ անպատկառությունն ու ստոր գործելաոճը, որի թիրախում մեր երեխաներն են ու ապագայում մեր լինելիության հարցն է: Եվ դա անում եք գիտակցված, անամոթաբար, արածի ծանր հետևանքները շատ լավ հասկանալով: Դուք այն անձն եք, ով կարող է մասնագետների հրավիրել քննարկման, սակայն քննարկման հենց սկզբում, հրավիրյալների կարծիքը չլսելով, հայտարարել, թե ինչքան էլ վատը լինեն դասագրքերը, միևնույն է, դա պետական քաղաքականություն է, հետևաբար դրանք չեն հանվելու գործածությունից: Նույն օրը, Ձեզ հետ հանդիպման պահին, ոստիկանական հաշվարկը ահաբեկում է պատմության խոտան դասագրքի դեմ բողոքող մեր գործընկերոջ ընտանիքին` լռություն պարտադրելու համար: Դուք հենց այդ ահաբեկիչն եք ու ահաբեկչական գործողության խորհրդանիշը: Ձեր աշխատանքի ու կենսափիլիսոփայության ցածրակարգ լինելու մեկ այլ վկայություն է ...: Դուք և Ձեր ղեկավարած գերատեսչությունն այլևս վերածվել եք անհաղթահարելի ու օրինականացված կոռուպցիայի ու հակազգային քաղաքականության խորհրդանշանի: Այնժամ կտեսնեք, թե ով եք Դուք և ինչ «պանծալի» գործընկերներով եք շրջապատված...»։ 


Հայցվորը պահանջում է  պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել  3.000.000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ՝ թվարկված վիրավորող հայտարարությունների համար։ Ինչպես նաեւ հօգուտ Ժաննա Անդրեասյանի և ԿԳՄՍ նախարարության բռնգանձել 6.000.000 /վեց միլիոն/ ՀՀ դրամ՝ որպես զրպարտությունների համար փոխհատուցում: