Քննարկվել են Կիպրոսի հարցին առնչվող զարգացումները. Վահան Կոստանյանը հանդիպել է Մենելաոս Մենելաոուի հետ

Նոյեմբերի 24-ին Նիկոսիայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Կիպրոսի հարցով հույն կիպրական կողմի բանակցող Մենելաոս Մենելաուի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:


Քննարկման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել Կիպրոսի հարցին առնչվող վերջին զարգացումների, այդ թվում՝ բանակցությունների ներկայիս վիճակի և դրանց հետագա առաջխաղացման հեռանկարների վերաբերյալ։ Պաշտոնյաները երկուստեք վերահաստատել են, որ համապարփակ և արդար կարգավորումը շարունակում է կարևոր մնալ տարածաշրջանային երկարաժամկետ կայունության համար։


Անդրադարձ է կատարվել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններին, ինչպես նաև Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։


Երկու կողմերն էլ ընդգծել են Հայաստանի և Կիպրոսի միջև հարաբերությունների սերտ համակարգման և կանոնավոր քաղաքական երկխոսության պահպանման կարևորությունը։ Նշվել է, որ երկու երկրների միջև երկարամյա գործընկերությունը ամուր հիմք է ծառայում տարածաշրջանային և միջազգային հարցերում համագործակցության ընդլայնման համար։