Պետք է պատրաստ լինել. գործակալների միջոցով աննախադեպ պրեսինգ է լինելու 2026-ին ընդառաջ. Բագրատ Առաքելյան

Քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանի կարծիքով՝ հակառուսական տրամադրություններ Հայաստանում ձևավորում են հենց ռուսները, որոնք 2020 թվականին մեզ  դավաճանեցին: «Նաև այն ժամանակ, երբ ադրբեջանցիները հենց Հայաստանի տարածքի վրա հարձակվեցին, ռմբակոծում էին Ջերմուկը, իսկ ռուսներն ասում էին, որ չգիտեն, թե որն է Հայաստանի սահմանը»,- Civic.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովայի հայտարարություններին՝ ասաց քաղաքական վերլուծաբան, տնտեսագետ Բագրատ Առաքելյանը։


Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է գնա իր ճանապարհով, ամենակարևորը ժողովրդավար երկիր լինելն է. «Միայն այդ պայմանով Արևմուտքը մեզ կընդունի։ Հարազատ մարմին դառնալու համար մենք պետք է լինենք ժողովրդավար երկիր»։


Առաքելյանի դիտարկմամբ՝ պրոռուսական ընդդիմությունը Հայաստանում իրականում գործակալական համակարգ է, որը մտել է պետության տարբեր մարմիններ«Համակարգն աշխատում է։ Ես շատ կուզենայի, որ մյուս խորհրդարանում իրենք ներկայացված չլինեին։ Նրանք հսկայական ռեսուրսներ ունեն, նաև՝ լրատվական միջոցներ։ Բնական է, որ այդ ամենը ազդում է ժողովրդի վրա»։


Մեր զրուցակցի խոսքով՝ ժողովուրդը պետք է պատրաստ լինի, այդ ուժերի կողմից աննախադեպ պրեսինգ է լինելու: «Եթե ՌԴ-ն հնարավորություն ունենար ռազմական ճանապարհով հարցեր լուծելու՝ անպայման կգնար այդ քայլին»,- եզրափակեց նա։

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան