Վաղարշապատցիները պետք է չափազանց զգոն լինեն

«Ընդհանուր առմամբ բյուջեն շատ խելամիտ բաշխվածություն ունի և ամբողջությամբ համապատասխանում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրին»,- civic.am-ի հետ զրույցում ազդարարեց  ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի  նախագահ Ծովինար Վարդանյանը։ Նա  «Բյուջե-2026» նախագիծը աննախադեպ համարեց, քանի որ նախագիծը ՀՀ կառավարությունը ձևավորել է նոր իրողության պայմաններում՝  օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունները հաշվի առնելով։  «Այն ամբողջությամբ արտացոլում է մեր մտածողությունը խաղաղության նոր պայմաններում, հետևաբար պետք է նաև իր ֆինանսական արտացոլումը ստանա։ Նախաստորագրված խաղաղության փաստաթուղթն ու Վաշինգտոնում ձեռք բերված մյուս պայմանավորվածությունները մեր առջև նոր հնարավորություններ են բացել թե տնտեսական, թե այլ առումներով, մասնավորապես՝ համագործակցության։ Պետք է ասել նաև, ինչու չէ՝ նոր մարտահրավերներ ունենք և պետք է հարմարվենք նոր՝ տնտեսական և անվտանգային իրողություններին»,- նշեց Վարդանյանը։ 


Անդրադառնալով նախկին նախագահների իրար հաջորդած հարցազրույցներին և 44-օրյա պատերազմը սադրելու մեջ Նիկոլ Փաշինյանին ուղղված մեղադրանքներին՝ պատգամավորը նկատեց՝ ապշած է, թե ինչպես կարող են ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած անձինք ցուցմունք տալ սեփական պետության դեմ։ «Ինքս սա որակում եմ որպես դավաճանական քայլ, սա իմ քաղաքական գնահատականն է։ Բայց եթե ուշադիր հետևենք արված հայտարարություններին, ապա ակնհայտ է, որ դրանք սպասարկում են ոչ ՀՀ-ի շահը։ Եվ եթե մի քիչ էլ խորանանք, թե որ պետության շահն են սպասարկում, ակնհայտ կդառնա, որ նախկին նախագահները սպասարկել  են ու շարունակում են կայսրության շահերը սպասարկել»։


Խոսելով նոյեմբերի 16-ին Վաղարշապատ համայնքում տեղի ունենալիք ՏԻՄ ընտրությունների և մասնավորապես ընդդիմության կողմից «Գյումրի 2» օպերացիայի կրկնության մասին՝ Ծովինար Վարդանյանը նշեց՝ վաղարշապատցիները պետք է շատ զգոն լինեն, քանի որ, այո, նման սցենարները բացառելի չեն «Մենք ունենք շատ ուժեղ թեկնածու՝ Արգիշտի Մեխակյանը, և բոլոր այն քաղաքացիները, ովքեր մտածում են  իրենց՝ արժանապատիվ, բարեկեցիկ ապրելու ապագայի մասին, պետք է  ձայն տան ՔՊ-ին՝ Արգիշտի Մեխակյանին»։


Անդրադարձանք նաև հայտնի «փոդքասթեր»-ներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի կալանավորմանը, և ի պատասխան հարցի՝ արդյոք հայհոյանքը տեղ ունի՞ ՀՀ քաղաքական, քաղաքացիական խոսույթում, Վարդանյանն ասաց «Եթե մենք ուզում ենք լինել քաղաքակիրթ հասարակություն և պատկանել այդ ընտանիքին, ապա ամեն քաղաքացի իր պարտավորությունն ունի իր գնահատականը տալու նման խոսույթին, այն է՝ չհետևել նման եթերներին։ Ամեն մարդու հնչեցրած խոսք նկարագրում է առաջին հերթին հենց իրեն»։


Ծովինար Վարդանյանի հետ խոսել ենք նաև եկեղեցու շուրջ ստեղծված ճգնաժամի և այլ հարակից թեմաների մասին։


Հեղինե Մանուկյան