Թալինի համայնքապետ Տավրոս Սափեյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Վերջին շրջանում ես, Թալինը և թալինցին դարձել ենք մեր «սիրելի» ընդդիմադիր դաշտի և նրանցից սնվող թերթոնների ուշադրության կենտրոնը՝ բառի բուն իմաստով կանգնելով նրանց կոկորդներին։ Իմ և մեր հասարակության համար իսկապես ծիծաղելի է ձեր վարած քաղաքականությունն ու փրփուրներից կախվելու փորձերը՝ իմ անձի, մեր թիմի կամ ժողովրդի շուրջ որևէ թեմա գտնելու և դա անդադար շրջանառելու մոլուցքով։
Իմ կամ Թալինի համայնքապետարանի աշխատանքը կոռուպցիոն դաշտ տեղափոխելու ձեր անընդհատ փորձերը երբեք չեն հաջողվելու, քանի որ ձեր «բացահայտումներն» ու «հայտարարությունները» ոչ միայն ծիծաղելի են, այլև բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։
Թալինի համայնքապետարանի կողմից իրականացված բոլոր մրցույթները հրապարակված են armeps.am-ում, իսկ մրցույթների արդյունքների վերաբերյալ տվյալները՝ procurement.am կայքում։ Ցանկացած հետաքրքրվող անձ կարող է ամբողջությամբ ուսումնասիրել և ծանոթանալ մեր գործունեությանը՝ մրցույթների կազմակերպման ու անցկացման վերաբերյալ։