ՀՀ-ում գործող պետական կենդանաբանական այգում 2024թ. տարեվերջի դրությամբ առկա է եղել 169 տեսակի կենդանի: Կենդանիների նմուշների քանակը կազմել է 787: Այս մասին civic.am-ը տեղեկացավ Վիճակագրական կոմիտեի հրապարակած՝ «Կենդանաբանական այգու գործունեության ընդհանրացված ցուցանիշները, 2024 թ.» տեղեկանքից։
Ըստ այդ տեղեկանքի՝ տարեվերջին առկա են եղել 36 տեսակի սողուն, 51 տեսակի թռչուն, 12 անողնաշար կենդանի, 32 տեսակի ձուկ, ընդամենը՝ 169 տեսակի կենդանի։ Ֆինանսական միջոցների մուտքերը 2024 թ․ տարեվերջին կազմել են 688.1 մլն դրամ, այդ թվում՝ պետբյուջեից՝ 415.7 մլն դրամ, բնակչությանը մատուցած վճարովի ծառայություններից՝ 265.8 մլն դրամ, մուտքի վճարներից՝ 265.8 մլն դրամ։ Ֆինանսական ծախսերը կազմել են 773.9 մլն դրամ, որից 299.4 մլն դրամը՝ որպես աշխատավարձ։
Նշենք, որ Երևանի կենդանաբանական այգին հիմնադրվել է 1940 թվականին, վերակառուցվել 1959 և 1975 թվականներին։ Այգու կենդանիների և թռչունների մի մասը գրանցված է Բնության պահպանության միջազգային Կարմիր գրքում, մի մասն էլ՝ Հայաստանի Կարմիր գրքում։