Տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը. Տեր Արամի ուշագրավ բացահայտումը

Հովհանավանքի հոգևոր հովիվ Տեր Արամը ֆեյսբուքյան իր էջում գրել է․



«Եվ կճանաչեք ճշմարտությունը, և ճշմարտությունը ձեզ կազատի» (Հովհաննես 8.32)


Ճշմարիտ է այն, ինչ նույնական է իրականության հետ։


Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով համոզում է լսարանին, որ Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը ինձ ժողովի է հրավիրել և ես չեմ ներկայացել, ինչի պատճառով ժողովը չի իրականացել։ Այստեղ պետք է ասել, որ ժողովն արդեն մի քանի օր է փակ դռների ետևում իրականացնում են` պատրաստելով փաթեթներ իմ և քահանա եղբայրներիս դեմ։


Բայց փորձեմ հակիրճ անդրադառնալ հայտարարությանը.


Հանձնախմբի քարտուղարի կողմից բանավոր, ապա իմ պահանջով նաև գրավոր հրավեր եմ ստացել, որին պատասխանել եմ գրավոր` խնդրելով ներկայացնել ժողովին հրավիրելու նպատակը։ Երեք անգամ գրավոր կերպով խնդրել և ակնկալել եմ պատասխան, սակայն և ոչ մի արձագանք, որովհետև արդարության և ճշմարտության կշեռքը գտնվում է ոչ ճիշտ ձեռքերում, իսկ «խարդախ կշեռքը պիղծ է Տիրոջ առաջ» (Առակաց գիրք)։


Ինչ ես եմ խոսել, ասել եմ բաց, ուղիղ, հանրային և «ծածուկ ոչինչ չեմ ասել» (Հովհաննես 18.20), իսկ արձագանքը կուլիսային է, ֆեյքերով և ծպտված, միշտ ծուղակային։ Ծածուկ, գաղտագողի ու հանկարծակի գործելաոճը որդեգրվում է ընդդեմ հերթական զոհի։ Բայց Աստված ասում է, որ ամեն ծածուկ բան պիտի բացահայտվի (Ղուկաս 8.17) և արդեն իսկ բացահայտ է...


Վերջում տեղադրում եմ Հանձնախմբի և իմ նամակագրությունը` ապավինելով բոլորիդ արդարամտությանը։


Աստված օգնական և պահապան ամենքիս։


հգ.

1.Սիրով պատրաստ եմ ներկայանալ յուրաքանչյուր ժողովի` բաց և թափանցիկության ապահովման պայմաններում։


2. Քանի որ Մայր Աթոռի Տեղեկատվական համակարգն այլևս պատրաստակամ կերպով պատասխանում է լրագրողների հարցերին, կոչ եմ անում բոլոր լրագրողներին` Ձեզ և հանրությանը հետաքրքրող և շուրջ 30 տարի անարձագանք թողնված բոլոր հարցերն ուղղեք` Ձեր էջերում նշելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին։