Շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը. Ավինյան

Երևանի կենտրոնում ժամը 11։00-ի դրությամբ, պայմանավորված աշխարհագրական դիրքով, նկատվում է օդի աղտոտվածության առավել բարձր մակարդակ։ Ըստ տվիչներից ստացված տվյալների՝ արժեքը կազմում է 105 և գտնվում է անառողջ զգայուն խմբերի համար միջակայքում։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում:


 

«Մայրաքաղաքի այլ հատվածներում օդի որակը համեմատաբար ավելի բարվոք է:


 

Թեև ընդհանուր բնակչության առողջության վրա այս ցուցանիշը կարճատև ժամանակահատվածում բացասական ազդեցություն չի առաջացնում, շնչառական խնդիրներով անձանց շրջանում այն կարող է բացասական ազդեցություն ունենալ։ Ուստի շնչառական խնդիրներ ունեցող անձանց խորհուրդ է տրվում սահմանափակել դրսում գտնվելու ժամանակը։


 

Խորհուրդ չի տրվում դրսում զբաղվել սպորտով»,- գրել է Ավինյանը: 

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 9-ին` ժամը 23։53-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Նուբարաշենի կենցաղային աղբավայրում հրդեհ է բռնկվել:


Հոկտեմբերի 10-ին` ժամը 18։20-ի դրությամբ, Նուբարաշենի աղբավայրում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են․ աշխատանքներին ներգրավված են՝ 5 մարտական հաշվարկ, 1 օպերատիվ խումբ,  25 փրկարարական ծառայող, Երևանի քաղաքապետարանի 8 բեռնատար, 3 ջրատար և 3 ինժեներական տեխնիկա։ Հրդեհի վայր է տեղափոխվել 140 մեքենա հող և մղվել է մոտ 200 տոննա ջուր։


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել էր, որ այս դեպքը պատահական չէր, այլ դիտավորություն էր: Ավինյանը նշել էր, որ խոսել է ԱԱԾ տնօրենի և ՆԳ նախարարի հետ: