«Թրամփը կարող է նեղանալ». Լուկաշենկոն համոզված է, որ ԱՄՆ նախագահն արժանի էր Խաղաղության Նոբելյան մրցանակին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «լիակատար հիմարություն» է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Խաղաղության Նոբելյան մրցանակը չշնորհելու որոշումը։


Հիշեցնենք, որ 2025 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակը շնորհվել է Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոյին՝ «Վենեսուելայի ժողովրդի դեմոկրատական իրավունքների առաջխաղացմանն ուղղված անխոնջ աշխատանքի համար»։


Դուշանբեում կայացած ԱՊՀ գագաթնաժողովի կուլիսներում Լուկաշենկոն ռուսական Առաջին ալիքին տված հարցազրույցում հայտարարել է. «Հիմարություն է ամբողջությամբ։ Թրամփն արժանի էր այս Նոբելյան մրցանակին, պետք էր նրան տալ։ Բոլոր պատճառներով։ Հատկապես այն պատճառներով, որոնցով վերջին ժամանակներս Նոբելյան մրցանակը շնորհվում էր գրեթե ում պատահի...»։


Նա բացարձակ համոզմունք է հայտնել, որ «բոլոր դիրքերից և հատկապես հեռանկարի համար, որպեսզի Թրամփին այդ Նոբելյան մրցանակով կապեին խաղաղ գործընթացին, պետք էր նրան տալ այդ մրցանակը»։


«Դա կարճատես որոշում է, իսկ Թրամփը քիչ բան չի արել խաղաղության համար»,- հավելել է նա։


Լուկաշենկոն հիշեցրել է ԱՄՆ նախագահին Խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելու դեպքի մասին, «ով ընդհանրապես ոչինչ չէր արել, դարձավ նախագահ, ստացավ այդ մրցանակը»։ 


Նա նկատի է ունեցել Բարաք Օբամային, ով 2009 թվականին մրցանակ ստացավ «միջազգային դիվանագիտության և ժողովուրդների միջև համագործակցության ամրապնդմանն ուղղված իր բացառիկ ջանքերի համար»։


«Թրամփը քիչ բան չի արել խաղաղության համար։ Նրանք (Նոբելյան կոմիտեում) շատ վատ ծառայություն մատուցեցին բուն խաղաղ գործընթացին բոլոր կետերում։ Թրամփը կարող է նեղանալ»,- ասել է Բելառուսի նախագահը։